Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Վերջին տարիներին ավելացել է ՄԻԱՎ կարգավիճակն իմանալ ցանկացող մարդկանց թիվը»

«Վերջին տարիներին ավելացել է ՄԻԱՎ կարգավիճակն իմանալ ցանկացող մարդկանց թիվը»
02.12.2013 | 14:35

Արդեն 25 տարի դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր: 2013 թ. նոյեմբերի 29-ի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1586 դեպք: ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը մեր երկրում կազմում է 3500: Հանրապետությունում անցկացվում են բազմաթիվ սեմինարներ, ակցիաներ, որոնք նպատակ ունեն կանխարգելելու ՄԻԱՎ-ի տարածումը, հանրությանը տեղեկացնելու վարակի փոխանցման ուղիների, վաղ հայտնաբերման անհրաժեշտության մասին: Նոյեմբերի 22-29-ին Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից անցկացվեց «Խոսի՛ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի՛ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ» քարոզարշավը: Այն իրականացվեց «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» նախաձեռնության հայտարարած ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվա շրջանակներում: «Խոսի՛ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի՛ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ» արշավի արդյունքների մասին զրուցում ենք ծրագրի համակարգող ՆԱՐԻՆԵ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻ հետ:

-1988-ից Հայաստանում գրանցվում են ՄԻԱՎ-ի դեպքեր: 25 տարում արձանագրված թվերի վերլուծությունն ի՞նչ է ցույց տալիս:
-25 տարվա ցուցանիշները դիտարկելիս կառանձնացնեմ այն, որ վերջին տարիներին ավելանում է ՄԻԱՎ կարգավիճակն իմանալ ցանկացող մարդկանց թիվը: Դա խոսում է այն մասին, որ այս տարիներին մարդիկ ավելի են իրազեկվել, հասել են այն գիտակցական մակարդակին, որ պետք է հետազոտվեն և իմանան իրենց կարգավիճակը: Ի սկզբանե, բնական է, մարդիկ չեն իմացել վարակի փոխանցման ուղիների մասին: Թյուր կարծիքներ են եղել, թե իբր ՄԻԱՎ-ը կարող է փոխանցվել մոծակի խայթոցի, համբույրի, կենցաղային իրերի, ուղղակի շփման միջոցով, ինչը պատճառ է հանդիսացել, որ խուսափեն ՄԻԱՎ վարակակիրների հետ շփվելուց: Ցավոք, այսօր էլ կան նման կերպ մտածողներ, այնուհանդերձ, առաջընթացն ակնհայտ է:
-Հայաստանում անցկացվում է ՄԻԱՎ վարակակիրների հակառետրովիրուսային բուժում: Որքա՞ն է այն հասանելի:
-Հակառետրովիրուսային բուժումը Հայաստանում անվճար է, և բոլոր այն մարդիկ, ովքեր հետազոտվում են և ունենում են ՄԻԱՎ դրական ախտորոշում, գրանցվում են ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում և ստանում համապատասխան դեղամիջոցները: Դրանք հասանելի են ու մատչելի: ՄԻԱՎ վարակ ունեցող 550-ից ավելի անձանց այսօր ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում տրամադրվում է անվճար բուժում:
-Դեղամիջոցները վերջի՞ն սերնդի են:
-ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոցները ստեղծվել են 1990-ականներին և աստիճանաբար կատարելագործվել են: Այսօր այդ դեղամիջոցների շնորհիվ հնարավորություն է ստեղծվում տասնյակ տարիներ ապրելու լիարժեք կյանքով, աշխատելու և հոգալու իրենց ընտանիքների մասին:
-Մենք շատ ենք խոսում ՄԻԱՎ-ի վաղ հայտնաբերման մասին: Ի՞նչ է այն տալիս:
-Վաղ հայտնաբերման դեպքում դեղամիջոցների շնորհիվ նվազում է վիրուսային ծանրաբեռնվածությունը, և օրգանիզմը զերծ է մնում հիվանդության հետագա զարգացումից: Բացի այդ, վաղ հայտնաբերումը կանխում է վարակի փոխանցումը կնոջը, ինչու չէ, նաև դեռ չծնված երեխային: Ընդ որում, նշեմ, որ կանխարգելման աշխատանքների շնորհիվ 2007 թվականից ի վեր Հայաստանում չի գրանցվել հղի մորից երեխային վարակի փոխանցման դեպք:
-Հայաստանում անցկացվեց «Խոսի՛ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի՛ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ» խորագրով շաբաթը: Քանի՞ մարդ իրազեկվեց այդ ընթացքում, քանի՞սը հետազոտվեց:
-Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից իրականացվող «Խոսի՛ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի՛ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ» ծրագրի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերում և Երևանի 5 խոշոր բուհերում երիտասարդներին մոտ 3000 տեղեկատվական թռուցիկ բաժանվեց: Սեմինարներին մասնակցեց ավելի քան 2500 երիտասարդ, դիտեցին ֆիլմեր, անցկացվեցին քննարկումներ: Երևանում իրազեկման արդյունքում 162 երիտասարդ ցանկություն հայտնեց ստանալու խորհրդատվություն և հետազոտվեց ՄԻԱՎ-ի վերաբերյալ: Հետազոտություններն անցկացրին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետները:
-Հանրությունը տեղեկացված է, որ ՄԻԱՎ-ը փոխանցվում է միայն արյան միջոցով, սեռական ճանապարհով, հղի մորից երեխային և կրծքով կերակրելիս: Այնուամենայնիվ, պահպանվում է ժխտողական վերաբերմունքը ՄԻԱՎ վարակակրի նկատմամբ: Ի՞նչն է պատճառը, կարծրատիպե՞րը:
-Որքան էլ հանրությունը տեղեկացված է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին, այնուամենայնիվ, երիտասարդների հետ վերջին մեկշաբաթյա շփումները ցույց են տալիս, որ որոշակի անվստահություն նրանց մեջ կա: Երբ սեմինարները նոր էինք սկսում, բոլորն էլ ասում էին, թե սա ծեծված թեմա է, և ՄԻԱՎ-ի մասին արդեն ամեն ինչ գիտեն: Բայց երբ մանրամասնում էինք թեման, ավելի հանգամանալի անդրադառնում, վերջում հարցնում էին` փաստորեն, ՄԻԱՎ-ը համբույրի միջոցով չի՞ փոխանցվում: Այսինքն` ավելի շատ իրազեկման կարիք դեռ կա, որպեսզի այդ վստահությունն ամբողջական լինի: Մենք ունենք նաև ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքի ձևավորման խնդիր, ինչը փորձում ենք լուծել նման սեմինարների, դասընթացների, հանդիպումների միջոցով:


Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2742

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ